Թուրք արդյունաբերողների և գործարարների միության շենքում Բողազիչիի համալսարանի և միության ջանքերով կազմակերպվել է քննարկում՝«1915թ-ի ողբերգությունը. Նշանակությունը, հիշողությունն ու քաղաքականությունը» խորագրով, տեղեկացնում է թուրքական T24 կայքը:
Քննարկմանը մասնակցել են նաև Բենթլիի համալսարանի խորհրդի անդամ, պատմաբան Ասպետ Գոչիկյանը, Փարիզի գիտությունների համալսարանի ուսումնական խորհրդի անդամ Միշել Մարյանը և Երևանի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Հանդիպման սկզբում միության կառավարման խորհրդի անդամ, թոշակառու դեսպան Վոլքան Վուրալն ասել է, թե «ցեղասպանությունը» քաղաքական տերմին է և իրենք դեմ են այդ բառն օգտագործելուն:
«1915 թ.-ի հայոց տեղահանությունն ընդունում և հասկանում ենք: Դա որպես մարդկության հարց պետք է դիտարկվի: Խնդրի ճիշտ լուծման համար Թուրքիան և Հայաստանը պետք է միասին քայլեր ձեռնարկեն»,-ասել է նա:
Ստեփան Գրիգորյանն իր ելույթում խոսել է Հայաստանի ժողովրդի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և 2015թ.-ի սպասելիքներից:
Միշել Մարյանը նշել է, որ 2015թ.-ից վախենում են թե՛ թուրքերը, թե՛ հայերը: «Թուրքական կողմը վախենում է 2015թ.-ին բարձրացվելիք աղմուկից, իսկ հայկական կողմը՝ 2015թ.-ին ձեռքբերումներ չունենալուց»,- ասել է նա։
Ասպետ Գոչիկյանը խոսել է հայկական սփյուռքի պատմության և պահանջների մասին:
«Եթե տասը տարի առաջ ես Թուրքիայի կառավարության խորհրդականը լինեի, կասեի՝«ճանաչե՛ք ցեղասպանությունը»: Այդ ժամանակ Սփյուռքը չէր իմանա, թե ինչ պիտի անի, սակայն այժմ ավելի կազմակերպված են»,-ասել է նա: