Տնտեսություն 

Կառավարության և ԿԲ–ի աշխատանքի շնորհիվ ցրտահարության վնասները կարող ենք էապես մեղմել. Սերժ Սարգսյան

analitik.am

Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով վերջին օրերի ցրտահարություններին, ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։  Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից։ 

ՀՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքների ուղղությամբ կառավարությունն ակտիվորեն զբաղվում է: 

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը: 

Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն: 

«Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է Նախագահը: 

Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: 

Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ: 

«Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաև ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Կենտրոնական բանկում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:

Նույն շարքից