Թեհրանի հետ համաշխարհային 6 տերությունների բանակցություններն իրանական միջուկային ծրագրի հարցով կարող են անհրաժեշտության դեպքում շարունակվել վերջնաժամկետից հետո, որը նշանակված է նոյեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ հարցով հերթական քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Վիեննայում: Հաղորդվել էր նաև, որ Օմանում տեղի ունեցած միջուկային բանակցություններում ոչ մեծ առաջընթաց է ձեռք բերվել: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել էր, որ բանակցություններում մեծ տարբերություններ են պահպանվում:
Թերթը մեջբերում է ամերիկացի, իրանցի և եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին, համաձայն որոնց՝ բանակցություններն Օմանում նպատակուղղված են եղել միայն մինչ նոյեմբերի վերջ բազմակողմանի համաձայնագրի կնքմանը: Սակայն քննարկումներին մասնակցած դիվանագետները խոստովանել են, որ Օմանում ձեռք բերված սահմանափակ առաջընթացը կարող է կողմերին ստիպել երկարացնել բանակցային գործընթացը: