Տնտեսություն 

Կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը

analitik.am

2014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ուքաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:


Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձեւաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը եւ միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաեւ, որպես վերջնական արդյունք, Կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:


ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գեւորգյանն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, կարեւորել է նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը եւ երկխոսությունը բաց եւ թափանցիկ կառավարության երաշխիքներից է, որն էլ եւ ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշել է, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարության եւ հանրության շփումը պետք է լինի շարունակական երկխոսությամբ: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրն արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։


Աշխատանքային քննարկմանը Կառավարության եւ քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրել են ԲԿԳ հայաստանյան գործընթացները եւ Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ու քաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետեւ, ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվել են այս նախագծում ներառված հանձնառությունները եւ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:


Աշխատանքային քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցների ներկայացրած առաջարկությունների վերջնական փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը, որից հետո 2014 թվականի հունիսին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագիրը, որպես ավարտուն փաստաթուղթ, կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին:

Նույն շարքից