Միջազգային 

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ կառավարության բոլոր որոշումները դրվում են քվեարկության

Կառավարությունը յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ հարցը պարտադիր դնում է քվեարկության: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշումը քվեարկության դրվել է, և քանի մարդ է կողմ կամ դեմ եղել նման որոշմանը: «Ես չէի ցանկանա առանձնացնել կառավարության որևէ որոշում: Կառավարության բոլոր որոշումներն էլ դրվում են քվեարկության և ընդունվում են քվեարկությունից հետո: Այդպիսին է կարգը, և այն երբեք չի խախտվել»,- նշեց Հարությունյանը:


Նա ընդգծեց, որ, ի տարբերություն Ազգային ժողովի, կառավարությունում «ձեռնպահ» քվեարկություն չկա. Կա միայն «կողմ» և «դեմ» քվեարկություն: «Հարցի ներկայացումից առաջ վարչապետը հարցնում է` ի՞նչ կարծիքներ կան, կա՞ն մարդիկ, որ դեմ են: Եվ եթե լինում են նախարարներ, ովքեր դեմ են լինում այս կամ այն հարցին, դա ընդունվում է, և հետո արդեն որոշում է կայացվում՝ ընդունել որոշումը, թե ոչ, իսկ եթե չեն լինում կարծիքներ, վարչապետը հաստատում է որոշումը և անցնում օրակարգի մյուս հարցի քննարկմանը»,- նշեց նա:


Հարությունյանը վստահեցրեց, որ կառավարության բոլոր որոշումները, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշումը, ընդունվել է հենց վերը նշված սկզբունքով:

Նույն շարքից