ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ), Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա)խոր մտահոգություն են հայտնել շփման գծում ուղղաթիռի խոցման եւ վերջին բռնությունների առնչությամբ: «Մենք ցավում ենք կարուստների համար եւ վշտակցում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նոյեմբերի 12-ին Վիեննայում համանախագահների տարածած հայտարարության մեջ: Համանախագահներն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հանգեցրել են այս կտրուկ միջադեպին` առաջինն իր տեսակի մեջ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
«Մենք վճռականորեն դիմում ենք կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք լարում են իրավիճակը շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Տարածաշրջանն այս ամառ արձանագրված լարումից հետո չի կարող դիմակայել բռնության մեկ այլ շրջափուլի: Այսօրվա միջադեպը ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի փոփոխականությունն ու երկարատեւ լուծման հասնելու ջանքերի ինտենսիվացման հրատապությունը: Մենք հավատարիմ ենք կողմերին բոլոր հնարավոր ուղիներով աջակցելու գործին: Մենք հիշեցրել ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմը հարգելու նրանց պատասխանատվության եւ հակամարտության խաղաղ լուծում գտնելու` Սոչիում, Նյուպորտում, Փարիզում ձեռք բերված հանձնառության մասին: Մենք նաեւ խրախուսում ենք նրանց որդեգրելու վստահության կառուցման միջոցներ, որոնք կավելացնեն շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին թափանցիկությունն ու կնվազեցնեն նման միջադեպերի կրկնության հավանականությունը»,- ասված է հայտարարության մեջ: