Թբիլիսիում շաբաթ օրը կկայանա «համազգային ակցիա՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անեքսիայի»: Հենց նման գնահատական է տալիս Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության պայմանագրի նախագծին, գրում է Независимая газета-ն:
Վրացական որոշակի շրջանակներում այս միջոցառումը գնահատվում է որպես Սաակաշվիլիի կուսակցության ակտիվ գործողությունների սկիզբ՝ իշխանության գալու համար:
Բողոքի այս ակցիայի նախաբանն արդեն տեղի է ունեցել. «Երիտասարդ նախաձեռնողների ակումբ» հասարակական կազմակերպությունը Թբիլիսիում ՌԴ նախկին դեսպանատան մոտ ակցիա է իրականացրել՝ դատապարտելով Մոսկվայի քաղաքականությունն Աբխազիայում: Շաբաթ օրը պետք է տեղի ունենա ավելի նշանակալի ինչ-որ բան:
Նախևառաջ, հայտարարելով համաժողովրդական բողոքի ակցիայի մասին, ՄԱՇ-ն անպարտելի քայլ է կատարել:
Աբխազիան արնահոսող վերք է, և Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում դիրքերը հաստատելուն դժվար թե հասարակության քաղաքականապես ակտիվ որևէ անդամ չհամաձայնի՝ չկարևորելով այն հանգամանքը, որ հանրահավաքն «ազգայիններն» են անում:
Երկրորդ. անպարտելի աբխազական թեման ՄԱՇ-ին տալիս է լավ հիմք գործող իշխանություններին քարկոծելու համար:
Երրորդ. «ազգայինները» կարծես այժմ հարձակում են սկսում՝ իրենց առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի ծրագրի իրագործման համար: Վերջերս նախկին նախագահը, վերլուծելով իրավիճակը Վրաստանում, հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությանն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել:
Չորրորդ. հարձակման անցնելու պահը ճիշտ է ընտրված: Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի միասնականությունը ցնցվել է 3 առաջատար նախարարների՝ ընդդիմադիր դառնալուց հետո:
Հինգերորդ. Թբիլիսիում խոսակցություններ կան իշխանության դեմ պատրաստվող սադրանքների և «ազգայինների»՝ «մայդան» սկսելու հնարավորության մասին: Եթե դա իրոք այդպես է, շաբաթ օրն իշխանությունները կփորձեն անօրինական գործողություններ և ուժ կիրառել, ինչև բացասական երանգ կունենա՝ հաշվի առնելով, թե ինչ կարգախոսով է տեղի ունենում ակցիան:
Վեցերորդ. ակցիան, որի ընթացքում խիստ քննադատություն կհնչի «Վրացական երազանքի» հասցեին, պետք է իշխանություններին ակտիվ գործողությունների մղի՝ հիշեցնելով նախընտրական խոստումների մասին և ինտենսիվացնի ջանքերը՝ դրանք իրագործելու համար:
Յոթերորդ. շաբաթ օրվա ակցիան կարող է պատասխանել հարցին, թե որքանո՞վ են ամուր նախորդ իշխանության դիրքերը: Դա կերևա՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման մասնակիցները միայն ՄԱՇ-ի կողմնակիցները չեն լինելու։
Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին կարծում է, որ Սաակաշվիլիի և նրա կուսակցության խնդիրը դիրքերի ամրապնդումն է լինելու՝ «Վրացական երազանք» կոալիցիայի ներքին տարաձայնությունների ֆոնին, և իշխող քաղաքական բլոկին մեղադրելու է Ռուսաստանին հավատարիմ լինելու համար: