ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը կողմերի հետ` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Այդ մասին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: ԱՄՆ-ը իրազեկված է միջադեպի մասին, եւ Պսակին ցավակցություն է հայտնել «զոհերի կամ վիրավորների հարազատներին»: «Այս պատահարը մեկ անգամ եւս հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է կրկնապատկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելուն ուղղված ջանքերը, թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարը»,- կրկնել է Պսակին նախորդ օրվա հայտարարությունը` նշելով, որ այդ առումով որեւէ նորություն ասել չի կարող:
Հարցին` ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ինչ է պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, Պսակին պատասխանել է. «Մենք դիվանագիտական կապուղիներով ներգրավված ենք երկու կողմերի հետ բանակցություններում, որպեսզի խաղաղ լուծում գտնենք: Վրեժ լուծելու միջոցները, նոր բռնությունը, լարվածության բորբոքումը դրան չեն օգնում», -նշել է նա:
Պսակին խուսափել է պատասխանել այն հարցին, որով լրագրողը փորձել է հասկանալ ԱՄՆ դիրքորոշումն այն փաստի անռչությամբ, որ հրադադարի ռեժիմի խախտողը եղել է հենց Ադրբեջանը: «Ես չունեմ որևէ վերլուծություն այս դեպքի հետ կապված: Մենք տեսել ենք նույն զեկույցները: Մեկնաբանություններ և պնդումներ կան երկու կողմերից էլ, բայց ես որևէ այլ վերլուծություն սրանից ավելի անել չեմ կարող»,- նշել է Պսակին: Ի պատասխան Պետդեպի խոսնակի` լրագրողը հիշեցրել է, որ հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, ինչը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Պսակին փորձել է արդարանալ` նշելով, թե երկու կողմերն էլ ունեն իրենց մեկնաբանությունը խնդրի հետ կապված, սակայն ինքը ԱՄՆ կառավարության կողմից որևէ հավելյալ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ չունի: Պսակին խոստացել է հետևել իրադարձությունների զարգացմանը: