Միջազգային 

Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերին

Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը նոյեմբերի 13-ին (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։

Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։

Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես, շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը: Դեսպանն ընդգծել է, որ նման արկածախնդրությամբ Ադրբեջանը վտանգում է հարաբերական կայությունը տարածաշրջանում և բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Նախագահ Նիինիստյոն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ` ընդգծելով, որ Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Անդրադարձ է կատարվել հայ-ֆիննական հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի։ 

Նույն շարքից