Միջազգային 

Հարձակման մեջ ռազմական ոչ մի տրամաբանություն չկա. BBC-ի անդրադարձը ուղղաթիռի խոցմանը

BBC-ի ռուսական ծառայությունը ուշագրավ հոդված է ներկայացրել՝ կապված Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊՆ-ի ուղղաթիռի խոցման միջադեպի հետ: Հոդվածի հեղինակն է «Հանուն միջազգային համերաշխության» հիմնադրամի աշխատակից Թոմաս դե Վալը: Հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:   «Շփման գծում ուղղաթիռի խոցման միջադեպն հրադադարի 20 տարիների ընթացքում նման բնույթի ամենալուրջ միջադեպն է:Ուղղաթիռի խոցման արդյունքում երեք օդաչու է զոհվել:   Այս ողբերգական միջադեպին ամռանը նախորդել էր ԼՂ հակամարտության տեղային նոր բռնկումը, որի ընթացքում երկու կողմից ավելի քան 20 զոհ գրանցվեց:   Բաքուն վստահեցնում է, որ  ուղղաթիռը թռչել է Ադրբեջանի բանակի դիրքերի վրայով։ Հայկական կողմը հայտարարել է, որ ուղղաթիռներն ուսումնավարժանքներ են իրականացրել և  ոչ մի վտանգ իրենցից չեն ներկայացրել։  


Ադրբեջանական զինվորականները Ֆեյսբուքում տեղադրել են երկու ուղղաթիռներից մեկի անկման կադրերը, որոնք ուրախալի կոչերով են ուղեկցվում։  


«Տրամաբանություն չկա»   Հարձակման մեջ ռազմական ոչ մի տրամաբանություն չկա։ Տեղում զինվորական հրամանատարությունը կարող է պատասխանատվություն կրել հրազենային զենքի կիրառման համար, սակայն առավել ծանր զենքի կիրառման որոշումը կայացվում է քաղաքական ղեկավարության կողմից։   Նմանատիպ հարձակումը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում։   Ադրբեջանական կողմը, պարտություն կրելով 1991-94 -ին, ավելի շատ հիմքեր ունի պահպանելու «անկայուն հրադադարը»:Այսպես Բաքուն փորձում է աշխարհին հիշեցնել, որ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը Հայաստանի վերահսկողության տակ է։  


«Ցավոտ պատասխան»   Այս տագնապալի միջադեպերը վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հրադադարի գծում ռազմական հզորության աճ են ցուցադրում։ Այս տարածքն արդեն դարձել է ամենառազմականացվածը Եվրոպայում։   Բաքուն միլիոնավոր նավթադոլարներ է ծախսում նորագույն ծանր զինատեսակներ գնելու համար։   Երկու երկրների նախագահները վերսկսել են բանակցություններն ու օգոստոսին արդեն 3 հանդիպում անցկացրել։ Վերջին համաժողովը տեղի է ունեցել Փարիզում երկու շաբաթ առաջ։   Դա լավ նորություն է տեղում դոփող համաշխարհային գործընթացի համար, սակայն բանակցող կողմերն ընդհանուր առմամբ պեսիմիստական  են տրամադրված առաջընթացի հնարավորության վերաբերյալ։   Հույսեր չեն ներշնչում նաև երեք միջազգային միջնորդների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) միջև տարաձայնությունները՝  ուկրաինական ճգնաժամի հետ կապված։   Բռնության նոր բռնկումը հիշեցում է այն մասին, որ կողմերը նոր պատերազմի շեմին են, և միայն իրենց շահերի և կոնկրետ իրավիճակի գնահատականն է նրանց դեռևս հետ պահում այդ վերջին քայլից։   Իսկ այժմ հարվածի սպառնալիք կա հայկական կողմից:  Երևանն արդեն սպառնացել է «ցավոտ պատասխանով»:     

Նույն շարքից