Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պաշտպանում են կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը և դիմում են կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը` մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: