Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներն իր ելույթից հետո լքել են խորհրդարանի նիստը, և հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներն ուրբաթ օրը պահանջել են դեբատների անցկացում, բայց նորից մերժում են ստացել խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիից, քանի որ դա նախատեսված չէ երկրի Սահմանադրությամբ: Նրանք չեն լսել Ուսուպաշվիլիի ելույթը և նախագահի ելույթից անմիջապես հետո լքել են նիստերի դահլիճը:
«Ես ափսոսանք եմ հայտնել, որ խորհրդարանական փոքրամասնությունը լքել է նիստերի դահլիճը»,- ասել է Մարգվելաշվիլին: Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները կարող են իր հետ դեբատ անցկացնել խորհրդարանում իր ամենամյա զեկույցից հետո: Տվյալ դեպքում նախագահը հանդես է եկել արտակարգ ուղերձով:
Նա նշել է, որ պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ. «Բնականաբար, ես հանդիպում եմ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ: Ինձ համար կարևոր է Վրաստանում կուսակցությունների գոյությունը: Բնականաբար, եթե ընդդիմությունն ուզում է խոսել ինձ հետ, նախագահի դռները բաց են նրանց հետ խոսակցության համար»,- ասել է նա:
Վրաստանի նախագահն առաջին անգամ օգտվել է խորհրդարանի առջև ուղերձով ելույթ ունենալու իր սահմանադրական իրավունքից: Մարգվելաշվիլիի ելույթը կապված է եղել Վրաստանում վերջին իրադարձությունների հետ: