Մեքսիկական Մորելոս նահանգի ներքին գործերի նախարար Մատիաս Կիրոսը ուրբաթ օրը որոշ ժամանակ չի կարողացել լքել բողոքի ակցիայի վայրը, որի մասնակիցները փակել էին Մեխիկո-Կուերնավակա դաշնային մայրուղին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Մեխիկոն Ակապուլկոյի հետ կապող մայրուղին արգելափակած ցուցարարների հետ բանակցելու համար Կիրոսն անձամբ է գնացել: Ցուցարարները պահանջել են գտնել տեղի բնակչին՝ անհետացած տաքսու վարորդին: ՆԳՆ տարածաշրջանային ղեկավարին հաջողվել է տեղի բնակիչներին համոզել բացել ճանապարհի երկու հատվածները: Դրանից հետո Կիրոսը փորձել է լքել ցույցի վայրը, սակայն նրա ճանապարհը փակել են տասնյակ զայրացած մարդիկ:
Արդյունքում նախարարի թիկնապահը ծեծվել է և հոսպիտալացվել, իսկ Կիրոսին ազատելու համար գործի են դրվել հատուկ ոստիկանական ուժեր, որոնք կիրառել են արցունքաբեր գազ: