Միջազգային 

Ուկրաինայում հակամարտությունը ծնում է սառը պատերազմի վերադարձի վախ. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ ղեկավարները G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պետք է քննարկեն իրավիճակը Ուկրաինայում: TASS-ի հաղորդմամբ՝ նա այսօր մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը «Սառը պատերազմի» ժամանակների տարաձայնությունների վերադարձի վախ է ծնել՝ ունակ խափանելու համաշխարհայյին խնդիրների լուծմանն ուղղված հավաքական ջանքերը:

«Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության շարունակումը, նաև լարվածությունն ու բռնությունն օգուտ չեն բերում ոչ միայն միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, այլև համաշխարհային տնտեսությանը: Դա իր հետ գլոբալ հետևանքներ է բերում բոլոր առումներով, ուստի ես ղեկավարներին, հատկապես՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի, որոնք մասնակցում են G20-ի նիստերին, կոչ եմ անում այդ հարցը քննարկել գագաթնաժողովի շրջանակներում»,- Բրիսբենում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Պան Գի Մունը:

Նա նշել է, որ Ուկրաինայում իրավիճակին վերաբերող բոլոր տարաձայնությունները «պետք է հարթվեն ըստ Մինսկի արձանագրության և հուշագրի», որը համաձայնեցրել են Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը: «Եկել է այն բարեխղճորեն կատարելու ժամանակը»,- նշել է Պան Գի Մունը: Նրա խոսքով՝ կողմերը «պետք է միասին հավաքվեն և կարգավորեն բոլոր հարցերը ներդաշնակորեն, խաղաղությամբ, երկխոսության միջոցով»:

Նույն շարքից