ԵՄ երկրների արտգործնախարարները ժամեր անց կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման հնարավորությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բրյուսել ուղևորվող Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգարդը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն անհրաժեշտ է պահպանել, քանի դեռ Ռուսաստանի հետ սահմանով դեպի Ուկրաինայի արևելք շարունակվում է զորքերի և ռազմական տեխնիկայի ուղարկումը:
Նա ընդգծել է, որ անունների ու ընկերությունների ցուցակի ընդլայնում է սպասվում այսօրվա հանդիպումից հետո:
Դիվանագետը նաև նշել է, որ կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսությունը չդադարեցնելը:
Մոսկվան հետևողականորեն հերքում է, թե զինառայողներ է ուղարկում Ուկրաինայի արևելք և սպառազինություն մատակարարում անջատողականներին: