Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան արշիպելագի բնակիչները հնարավորություն կստանան անդրծովյան այս տարածքի հետագա ճակատագիրը հանրաքվեով լուծել մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում: Դա հավաստել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ որպես պետության ղեկավար կղզիներ կատարած իր առաջին աշխատանքային ուղեւորության ընթացքում: Ինչպես ընդգծել Է նա, Փարիզը հարգանքով կընդունի կղզու բնակիչների ցանկացած որոշում:
«Հենց կալեդոնացիներին Է պատկանելու վերջին խոսքը: Նրանց ընտրությունը կհարգվի»,-նշել Է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հանրաքվեն, որում կդրվի Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության հարցը, կանցկացվի «տեղի Կոնգրեսի կողմից ընտրված» ժամկետում: «Եթե ժամկետը չորոշվի, ամենաուշը 2018 թվականն Է»,-հավելել Է Օլանդը:
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի կողմից գաղութացվել Է 1853 թվականին: Այսօրվա դրությամբ Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասում՝ Մելանեզիայում, գտնվող այդ անդրծովյան ինքնավարությունը հատուկ վարչատարածքային կարգավիճակ ունի հանրապետության կազմում: 1998 թվականին արշիպելագում անցկացվել Է անկախության հանրաքվե, որը հաջողություն չի ունեցել: Նույն այդ ժամանակ Փարիզը եւ Նումեան ստորագրել են համաձայնագիր, որը նախկին գաղութի «լիակատար ինքնիշխանության» հասնելու փուլային ճանապարհ Է բացել: Ի թիվս այլ բաների այդ փաստաթուղթը ենթադրում Էր ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացում մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: