Տնտեսություն 

Գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի

analitik.am

Ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու աշխատանքները պետք է ավարտել մինչեւ ապրիլի 15-ը: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 11-ին, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել է  մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:

Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձեւերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը:

Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:

1.     Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը:

2.    Բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին:

3.    Գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի:

4.    Ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների եւ շահառուների համար:

Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման եւ բաշխման, ինչպես նաեւ խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին էր: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին եւ ծառայությունների ղեկավարներին:

Նույն շարքից