«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը կմեկնի Թուրքիա, որտեղ իշխանությունների հետ կքննարկի խմբավորման դեմ պայքարին ուղղված համատեղ քայլերը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:
«Ջոն Ալենը կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի թուրքական կառավարության հետ և կքննարկի միջազգային կոալիցիայի ջանքերը՝ «Իսլամական պետությանը» դիմակայելու հարցում»,-ասել է Ռատկեն:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Անկարայում անցյալ շաբաթ ավարտվել է սիրիական ընդդիմադիր Ազատ բանակի մարտիկներին պատրաստելու մասին բանակցությունները:
Լրագրողների տվյալներով՝ խոսքը Քըրշեհիր նահանգում 2.000 զինվորի վերապատրաստման մասին է: Զենք-զինամթերքի մեծ մասը տրամադրել է ԱՄՆ-ն, որը նաև հոգում է նրանց կրթության ծախսերն ու իր ռազմական խորհրդականներին ուղարկում է զինյալներին պատրաստելու:
«Տարածաշրջանում մեր գործընկերները, հատկապես՝ Սաուդյան Արաբիան և Թուրքիան, օգնություն են առաջարկել սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցում: Ենթակառուցվածքներ ստեղծելու համար ժամանակ կպահանջվի, սակայն ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ պաշտպանության նախարարությունից»,-ասել է Ռատկեն:
Նրա խոսքով՝ Անկարա այցից հետո Ալենը կլինի նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, որտեղ կխոսի կոալիցիայի գործողությունների մասին: