Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը պատրաստվում է մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում 175.000 քմ ընդհանուր տարածքով առևտրի և զվարճանքների կենտրոնի շինարարության նախագիծ իրականացնել, որի համար կկատարվի մոտ 300 մլն դոլարի ներդրում, հայտնում է forbes.ru-ն՝ հղում անելով «Տաշիր» ընկերության մամուլի ծառայությանը։
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ առևտրի կենտրոնի շահագործումը նախատեսվում է 2015-ին։
Ընկերությունից հայտնել են, որ շինարարության համար նախատեսված տարածքը գտնվում է Յարոսլավսկու մայրուղում։ «Նոր առևտրային կենտրոնը կունենա ուղիղ մուտք Յարոսլավսկու մայրուղու կողմից։ Համալիրի գլխավոր մուտքերը կգտնվեն հենց այդ կողմից, այդտեղ էլ նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղի 2800 մեքենաների համար»,- նշվում է ընկերության հաղորդագրությունում։
Եռահարկ առևտրային կենտրոնի նախագիծը ենթադրում է ավելի քան 300 խանութների տեղակայում։ Բացի այդ, նախատեսվում է բացել «Սինեմա սթար» կինոթատրոն՝ 11 սրահներով, զվարճանքների կենտրոն մեծահասակների և երեխաների համար, ավելի քան 50 ռեստորան և սրճարան։