Եգիպտոսի դատախազությունը երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի համար առավելագույն պատիժ՝ մահապատիժ է պահանջում՝ այլ պետությունների օգտին լրտեսության գործով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մուսուլման եղբայրների» ևս 35 նախկին անդամներ նույնպես դատարանի առաջ են կանգնած լրտեսության մեղադրանքով:
Ինչպես հայտարարել է դատախազ Էմադ ալ-Շարավին, նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Մուրսին և նրա կողմնակիցներն օտարերկրյա հետախուզական ծառայություններին, մասնավորապես՝ Իրանի հետախուզությանն են հանձնել պետական նշանակության փաստաթղթեր: Բացի դրանից, դատախազության տվյալներով, մեղադրյալները նաև համագործակցել են ծայրահեղական խմբավորումների հետ, որոնց նպատակն է եղել ապակայունացնել Եգիպտոսում իրավիճակը:
Մուրսին ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում դատարանի օրինականությունը: