ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ կապված տարածքի հետ, որտեղ ընկել է հայկական խոցված ռազմական ուղղաթիռը, «անիմաստ է և անտրամաբանական»՝ ասել է Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը խորհրդարանի լիագումար նիստին: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել սադրիչ հայտարարությամբ այն մասին, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում:
Փոխխոսնակն ընդգծել է, որ ուղղաթիռի «անկման վայրը ադրբեջանական տարածք է և ճանաչված է որպես ադրբեջանական տարածք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԽ համանախագահ երկրների կողմից»:
Ավելի վաղ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) անհանգստություն էին հայտնել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռազմական ուղղաթիռի բեկորներին մարդասիրական հասանելիության բացակայության առնչությամբ: Ինչպես նշվել էր հաղորդագրությունում՝ «ուղղաթթի բեկորները գտնվում են Հայաստանի և Ադրեջանի զորքերի շփման գծի չեզոք տարածքի ականապատ գոտում»: