Միջազգային 

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Վլադիմիրի նահանգապետը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները

 ՌԴ Վլադիմիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նոյեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Վլադիմիրի մարզի նահանգապետ Սվետլանա Օրլովայի հետ: Դեսպան Եսայանը, անդրադառնալով ՀՀ և ՌԴ մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությանը, խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի և հեռանկարների մասին` ներկայացնելով Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Սվետլանա Օրլովան իր հերթին նշել է, որ երկու պետությունների միջև հաստատված ռազմավարական դաշնակցային հարաբերությունները նպաստավոր միջավայր են ստեղծում միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական համագործակցության առավել ընդլայնման համար: Վլադիմիրի մարզի նահանգապետն իր խոսքում ներկայացրել է նաև մարզի տնտեսական և արտադրական հնարավորություններն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:


Քննարկվել է տնտեսական համագործակցության բնագավառում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ մարզերի և ՌԴ Վլադիմիրի մարզի միջև առևտրային հարաբերությունների առավել ընդլայնման, համատեղ տնտեսական նախաձեռնությունների, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները շինարարության, մեքենաշինության, տրանսպորտի շահագործման, ծառայությունների մատուցման և զբոսաշրջության բանագավառներում:

Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը մասնակցել է մարզպետարանի շենքում կազմակերպված «Վլադիմիրի մարզի արտադրական ներուժը» խորագրով ցուցահանդեսին և ծանոթացել մարզի տնտեսական ոլորտի նվաճումներին:

Նույն օրը կայացել է նաև դեսպան Եսայանի հանդիպումը տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և հայազգի գործարարների հետ: Ելույթ ունենալով ներկաների առջև` դեսպանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ-ում նախատեսվող նախաձեռնություններին, ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և այլ հարցերի: Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Նույն շարքից