ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ մեր հարեւան պետությունը` Ադրբեջանը, ոչ հիշում է իր պատմությունը, ոչ էլ անցյալից դասեր քաղում եւ սխալներից սովորում: Նախարարը վստահեցնում է, որ հակառակ պարագայում նրանք չէին դիմի ողջ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող եւ այս փխրուն խաղաղությունը պահպանելու միջազգային հանրության բոլոր ջանքերն ի չիք դարձնող հուլիս-օգոստոսյան աննախադեպ արկածախնդրությանը:
«Այդ արկածախնդրությունը փշրվեց` հանդիպելով հայկական բանակի աներեր կեցվածքին եւ մի գիշեր անհրաժեշտ եղավ, որ հօդս ցնդեր հակառակորդի բանակի մասին տարիներով հյուսված էժանագին առասպելը: Ցավոք, դա էլ դաս չեղավ եւ հակառակորդը լարվածությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն: Ինչպես ժամանակին քնած սպա էր կացնահարում եւ մարդասպանին հերոսացնում, այժմ էլ խոցեց զորավարժարանում առանց սպառազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը եւ ամեն կերպ խաթարում է ուղղաթիռի օդաչուների աճյունները միջդիրքային տարածությունից դուրս բերելու բոլոր ջանքերը: Ակնհայտ է, որ դիմացինը չի հասկանում իր կատարածի բնույթն ու հետեւանքները, ինչը պարտադրում է ամեն րոպե զգոն լինել: Մեզ նույնն են պարտարում նաեւ այստեղ հանգչող հերոսները: Նրանք մեզ զրկել են սխալվելու իրավունքից»,- նոյեմբերի 20-ին Եռաբլուրում ասաց նախարարը` հավելելով, որ իրականությունը չես փոխի, եւ «մենք դատապարտված ենք ունենալ մի հարեւան, որը չի հասկանում պետությունների եւ ժողովուրդների միջեւ երկխոսություն սկսելու մարդկային լեզուն ու չի կարողանում բուժվել նավթադոլարային հիտերիայից»:
Նախարարի գնահատմամբ, Ադրբեջանը փորձում է խոսել ուժի դիրքերից` չհասկանալով ,որ այդ դիրքերն ինքը վաղուց է հանձնել, քանի որ ՀՀ ԶՈՒ-ն ուժի լեզուն իրենցից լավ գիտի: