Կիպրոսի Հանրապետությունը սատարում է Հայաստանի ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների եղանակով կարգավորելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցությունների արդյունքում: Կիպրոսը սատարում է Հայաստանի ջանքերը` համակարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում»,-նշեց Օմիրուն:
Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման փաստին՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն ընդգծեց, որ ինքը դատապարտում է ցանկացած բռնություն:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը, Օմիրուն ընդգծեց, որ նույնիսկ պատերազմի ժամանակ զոհերի նկատմամբ հարգանքը պատմության խորքերից եկած օրենք է: «Ադրբեջանի իշխանությունների այդ պահվածքը ես անթույլատրելի եմ համարում»,- ընդգծեց Օմիրուն: