Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ), Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի՝ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է: Այս մասին են վկայում հաշտարարի գրասենյակի եռամսյակային հաշվետվությունները:
Ինչպես հաշտարարի գրասենյակից տեղեկանում է Analitik.am-ը, այս տարվա հունվար-մարտին ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը կազմել է 266, որը 2013-ի չորրորդ եռամսյակի համեմատ, աճել է 47-ով: Ինչպես վիճակագրությունն է վկայում, ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո (2011 թվականի հունվարի 1) տրամաբանական պատճառներով աճել են ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը: Հատկանշական է, որ 2011 թվականի հունվարին հաշտարարի գրասենյակը ընդամենը 2 բողոք է ստացել ապահովագրական ընկերությունների դեմ, իսկ հաջորդող երկու ամսիներին՝ 1-ական բողոքներ: Դրանց թիվը սկսել է զգալիորեն աճել 2012 թվականից: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների պատկերը հետևյալն է.
Եթե ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների պատկերը դիտարկենք տարեկան կտրվածքով, ապա պարզվում է, որ 2012 թվականին, 2011-ի համեմատ, այս ցուցանիշն աճել է 437-ով: Իսկ 2013-ի տարեկան ամփոփ հաշվետվությունը դեռևս պատրաստ չէ: Ինչու՞ են ավելացել ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները, մասնավորապես՝ կապված ԱՊՊԱ-ի հետ:
Դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝ մարդկանց շրջանում իրազեկության բարձրացման, ավտոպատահարների թվի ավելացման և ապահովագրական ընկերությունների թերացումներով: Օրինակ՝ ՀՀ ոստիկանության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականին Հայաստանում որոշակիորեն բարձրացել է վթարայնության մակարդակը. հանրապետության տարածքում արձանագրվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս ցուցանիշը, 2012 թվականի համեմատ, 222-ով աճել է: 28-ամյա վարորդ Արմանը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի 1 բողոք է ներկայացրել ապահովագրական ընկերություններից մեկի դեմ և շահել: «Իմ դեպքում փորձը ոչ միայն փորձանք չբերեց, այլև՝ հաջողության հասա:
Ուղղակի մեր երկրում նման դեպքերում բողոք, դատ-դատաստան այդքան էլ ընդունված չէ: Շատ ժամանակ մտածում ենք, որ դիմենք ու բողոքենք, միևնույն է ոչինչ չի փոխվելու: Բայց իմ փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում պետք է փորձել: Ես կոնկրետ, եթե էլի նման միջադեպ պատահի ու զգամ, որ ապահովագրողը սխալ է փաստերը վերլուծել և ես տուժում եմ, էլի պատրաստ եմ բողոքել»,- ասաց Արմանը: Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների աճի վերաբերյալ մեզ հետ զրույցում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ իրենք ևս աճ են արձանագրել և ողջունում են այդ փաստը: «Սա, ըստ մեզ, ողջունելի է:
Սա նշանակում է, որ հաշտարարի գրասենյակի նկատմամբ վստահությունն է աճել: Սա խոսում է նաև այն մասին, որ հանրության իրազեկության և կրթության մակարդակն է բարձրացել»,- ասաց Բյուրոյի մասնագետը: Ըստ նրա՝ ապահովագրականների դեմ բողոքների մեծ մասը կապված են վնասի փոխհատուցման հետ, երբ այս հարցի շուրջ ընկերության և քաղաքացու տեսակետները չեն համընկնում: Իսկ ինչ վերաբերում է, որ աճը կարող է պայմանավորված լինել ապահովագրական ընկերությունների թերացումներով, Բյուրոյի մասնագետը նշեց, որ այդ մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ այդ ուղղությամբ վերլուծություն չի արվել:
Նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն` Հաշտարարն իրավունք չունի հրապարակել կողմերի անուններն ու անվանումները: Ուստի՝ օրենքով գաղտնի է պահվում, թե վերջին տարիներին որ ընկերության դեմ որքանով է աճել բողոքների քանակը: Ի դեպ, Ֆինանսական համակարգի հաշտարարը փաստում է, որ դեպքերը քիչ չեն, երբ ապահովագրական ընկերությունները մեղավոր են ճանաչվում, ուստի՝ այդ դեպքում Հաշտարարին դիմողների մի մասը փոխհատուցվում է: Օրինակ՝ 2012 թվականին ապահովագրական ընկերությունների դեմ բողոքողներին նույն ընկերությունների կողմից, ընդհանուր հաշվով, փոխհատուցվել է 96 մլն 741 հազ. 795 ՀՀ դրամ, իսկ 2011 թվականին՝ 22 մլն 668 հազ. 889:
Սեդա Հերգնյան