Արիզոնա նահանգի շերիֆ Ջո Արպայոն, վրդովված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միգրացիոն բարեփոխումների քաղաքականությունից, հայց է ներկայացրել պետության ղեկավարի դեմ: Այս մասին հայտնում է TIME-ը:
«Ես ընդամենը ցանկանում եմ, որ մեր նախագահը հետևի ԱՄՆ Սահմանադրությանը»,- հայտարարել է Արպայոն:
Շերիֆի կարծիքով՝ Օբաման փոխել է օրենքի հիմնական դրույթները՝ ստեղծելու համար «միգրացիոն օրենսդրության արմատապես նոր ու անսովոր ռեժիմ»:
«Նախագահի այդ որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա շերիֆի իմ աշխատանքի վրա: Նախագահի հրամանին հաջորդող բացասական հետևանքների թվում է նահանգում հանցավորության աճը»,- հավելել է նա:
Նախօրեին Բարաք Օբաման հանդես էր եկել հեռուստաուղերձով՝ հայտնելով, թե իրականացնելու է միգրացիոն բարեփոխում առանց Կոնգրեսի աջակցության, ու առաջարկել է միլիոնավոր չգրանցված ներգաղթյալների պաշտպանել արտաքսումից: