Միջազգային 

Վրաստանն այլևս չի կարող ժամանակ կորցնել. Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանն այլևս չի կարող ժամանակ կորցնել, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Վարդերի հեղափոխության» 11-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նախկին նախագահն այդ առիթով հրապարակել է հատուկ ուղերձ, փոխանցում է apsny.ge-ն։

 

««Վարդերի հեղափոխությունը» փոխեց ոչ միայն Վրաստանը, այլև հարյուր միլիոնավոր մարդկանցով բնակեցված շրջանը։ Այդ հեղափոխության և նրա բարեփոխումների արդյունքում ազատագրված հսկայական մարդկային էներգիայի շնորհիվ Կովկասում առաջին անգամ հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծվեց արդյունավետ պետություն։ «Վարդերի հեղափոխությունը» ոչ միայն վերադարձրեց մեզ աշխարհի քարտեզի վրա, այլև Վրաստանն առաջին անգամ իր պատմության մեջ դուրս եկավ առաջատար դիրքեր աշխարհում, դարձավ առաջին բարեփոխիչն աշխարհում, առավել անվտանգ և ոչ կոռումպացված երկրներից մեկը՝ միջազգային կազմակերպությունների տվյալներով։ Մենք դարձանք մի երկիր, որն օրինակելի են համարում մեր հարևան երկրները, ինչպես նաև ուկրաինացիները, մոլդովացիները, բելառուսները, ալբանացիները, թունիսցիները, Միջին Ասիայի ժողովուրդները և շատ այլ երկրների ներկայացուցիչներ»,- նշել է Սաակաշվիլին։

 

Նրա խոսքով՝ պատասխանելու համար այն հարցին, թե այսօր Վրաստանն արդյոք ավելի լավն է, քան 2003-ին, բավական է մեկ րոպե փակել աչքերը և պատկերացնել մի երկիր, «որտեղ պետական ինստիտուտները ղեկավարում են իշխանության ներկայացուցիչներն «օրենքով գողերի» հետ միասին, և կաշառակերությունն այնքան ուժեղ է, որ կաշառք տալը միակ ելքն է քաղաքացիների համար»։

 

Նախկին նախագահը հայտարարում է, որ հարկ է խոսել ապագայի մասին՝ հաշվի առնելով սխալները, դասեր քաղել դրանցից և լավ սովորել։ Սաակաշվիլիի խոսքով՝ «Վրաստանին պետք է նոր միասնություն և էներգիա՝ ապագա զարգացման համար»։ Քաղաքական գործիչը կոչ է անում ևս մեկ անգամ կառուցել ժամանակակից, հաջողակ, բազմաէթնիկ վրացական հասարակություն, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին։

 

«Խավարի և հետընթացի ուժերը կրկին քաշում են մեզ դեպի ճահիճ, և այդ պատճառով այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է լարել մեր ազգային մարմնի յուրաքանչյուր մկանը և շարժվել դեպի նպատակն արագացված տեմպերով։ Վրաստանն այլևս չպետք է ժամանակ կորցնի»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Նույն շարքից