Միջազգային 

Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին և խաղաղության հաստատման երեք սկզբունքներին

analitik.am

Լեհաստանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն ծավալեն: Լեհաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ այն սկզբունքներին, որոնք ենթադրում են խաղաղ լուծում (Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքները` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն- խմբ.): Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` նոյեմբերի 24-ին առաքելության ավարտի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը: «Ցանկացած տեսակի լարվածություն, որ կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաեւ ագրեսիվ ռազմական հռետորաբանությունը չեն ծառայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, կայունության ապահովմանն ու հետագա լուծմանը: Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմն ավարտվեց համաձայնագրով, Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են խաղաղության, նրանք հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել: Կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ այսօր անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որ պատրաստ լինի խաղաղության»,- ասաց դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ի ստեղծման գաղափարախոսությունը հենց ծնվել է խաղաղության եւ բանակցության հիմքի վրա:



Դեսպանի գնահատմամբ, հակամարտության կարգավորման այլ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գոյություն ունենալ չի կարող, սակայն հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ չի կարելի գերագնահատել միջնորդների դերը: Ըստ Ռաչինսկու, կողմերը պետք է հակամարտության կարգավորման ցանկություն դրսեւորեն, իսկ միջնորդների դերը միջնորդությունն ու բանակցության գործընթացի դյուրացումն է:

Նույն շարքից