Տնտեսություն 

Հայ-թուրքական սահմանի բացմամբ կխուսափենք ավիաընկերությունների «ֆանստաստիկ» գներից. տնտեսագետ

2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան պետական մակարդակով նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի «հնարավորինս քիչ տուժի» այս մեծ տարելիցից: Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը «Ակունք»-ում տպագրված իր աշխատության մեջ ընդգծում է, որ փորձ կկատարվի զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները, բացել սահմանը, վերացնել շրջափակումը կամ գոնե ստեղծել նմանօրինակ զարգացումների նկատմամբ Թուրքիայի կողմից մեծ ցանկության տպավորություն: Այս մասին է վկայում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու նախորդ տարվա նոյեմբերին արած հայտարարությունը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: «Մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: 2015 թվականին հնարավոր է անակնկալ մատուցենք»,- հայտարարել էր նա: Ու եթե «անակնկալը մատուցվի», ապա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացումը:


Թեմայի շուրջ Analitik.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ցանկացած դեպքում միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: «Մասնավորապես ներդրումների մասով կարևոր է, թե Հայաստանն ինչ տնտեսական քաղաքականություն կվարի: Նայած, թե մեր, և թե Թուրքիայի տնտեսական օրենքները որքանով թույլ կտան ներդրումներ կատարել: Միանշանակ այստեղ նաև վտանգներ կան, բայց բոլոր դեպքերում հարևանների հետ տնտեսական հարաբերություններ ունենալը դրական ազդեցություն է ունենում՝ անկախ այն բանից այդ վտանգները կան, թե չկան: Դրանք միշտ էլ կլինեն»,- նշեց տնտեսագետը: Ըստ նրա՝ սահմանի բացման հարցում վտանգ է պարունակում այն, որ Հայաստանում տնտեսական մրցակցությունը թույլ է կամ չկա, հետևաբար՝ արտադրանքը մրցունակ չէ:


«Եթե սահմանի բացումից հետո այդպես շարունակվի, մենք պարզապես կզրկվենք և արտադության աճից, և տեղական արտադրողի զարգացման հնարավորությունից: Եվ թուրքական ապրանքները, որոնք համաշխարհային շուկայում մրցունակ են, կարող են զբաղեցնել տեղը: Դրա մեջ ես վտանգ եմ տեսնում»,- ասաց Վ. Խաչատրյանը: Հավելենք, որ ներկա դրությամբ հայ-թուրքական ուղևորաբեռնափոխադրումների համար մեր հարևան Վրաստանը հանդիսանում է տարանցիկ երկիր: Սա այս երկրին թույլ է տալիս պարբերաբար խաղի իր նոր կանոնները սահմանել, մասնավորապես՝ կապված տեղաշարժի հետ: Սա ևս մի խոչընդոտ է հայ-թուրքական առևտրի համար: Իսկ ինչպե՞ս կազդի հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա, որն արդեն քանի տարի է՝ տնտեսության գերակա ճյուղ է հռչակվել: «Միանշանակ դրական: Ցանկացած սահմանափակում խոչընդոտում է այս ոլորտի զարգացմանը: Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ Թուրքիայի հետ սահմանը բացելով մենք կկորցնենք մեր պետականությունը:


Թշնամուդ հետ նստիր, զրուցիր, աշխատիր, բայց միշտ զգոն եղիր»,- Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն, տնտեսագետ Արկադի Սահակյանը:: Թուրքիայի տուրիզմի մեծ մասն այսօր կենտրոնացված է ծովափնյա հանգստի վրա, բայց նրանք ունեն նաև հզոր մշակութային տուրիզմ: Եվ թուրքերը, ըստ Ա. Սահակյանի, որոշակիորեն հիմնվում են հայկական հուշարձանների վրա: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Անին հայկական թագավորության մայրաքաղաք է եղել: Ես չեմ էլ տեսել, որ թուրքերը հրաժարվեն ճանաչել այդ փաստը: Վանը ներկայացնելիս իրենք ավելի զգույշ են: Այս երկու խոշոր կենտրոնները կարող են բավականին խթանիչ դեր խաղալ հայկական տուրիզմի զարգացման հարցում: Այդ դեպքում ճանապարհը կկրճատվի, հետևաբար՝ կնվազեն նաև զբոսաշրջիկների ծախսերը՝ կախված չեն լինի որոշ ավիաընկերությունների ֆանտաստիկ թվերից: Օրինակ՝ այսօր շատ են մեքենայով Վրաստան գնացողները, դա ավելի ձեռնտու է, քան օդային ճանապարհով գնալը:


Սա կշահագրգռի նրանց, որ Հայաստան գան»,- ասաց տնտեսագետը: Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը բերելու է տարածաշրջանային միջպետական տուրիզմի զարգացմանը. հայերը կայցելեն Թուրքիա՝ մեր պատմական հայրենիքի քաղաքներին ծանոթանալու, թուրքերն էլ կգան Հայաստան: Սևանն էլ՝ որպես տուրիզմի գոտի, բավական սնանկացել է, իսկ օդային սահմանի բացումը զարկ կտա դրա զարգացմանը: Սա էլ իր հերթին Վրաստանին կստիպի բարձրացնել իրենց ծովափնյա տուրիզմի մակարդակը, քանի որ այդ դեպքում նրանք արդեն մրցակից կունենան: «Իսկ եթե մենք ունենանք ավելի մատչելի ու հասնելի ճանապարհ, կաճի նաև միջազգային այցելուների թիվը: Մենք կարող ենք թուրքական տուրիզմի 5-10 տոկոսը մեզ մոտ բերել, մենք էլ ինքներս իրենց զբոսաշրջիկներ կտանք: Մեզ համար դա արդեն մեծ ցուցանիշ կլինի՝ 200-250 հազար տուրիստ կավելանա: Հիմա գլոբալիզացիան հասել է նաև տուրիզմին: Մարդիկ չեն ուզում ընդամենը մեկ երկիր գնալ, քանի որ հիմա աշխատանքն ավելանում է, իսկ ֆինանասները սկսել են չբավարարել: Մարդիկ ուզում են գալ և միանգամից մի քանի երկիր այցելել: Սահմանի բացման դեպքում մենք շահեկան վիճակում ենք հայտնվում»,- նշեց Ա. Սահակյանը:


Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականին ՀՀ արտաքին առևտրի մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել 13.6 %։ Ըստ նույն ժամանակաշրջանի՝ Հայաստանից Թուրքիա արտահանվել է 1.6 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ Թուրքիայից Հայաստան՝ մոտ 211 մլն դոլարի։ Ստացվում է, որ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանման ծավալը ավելի քան 130 անգամ գերազանցում է Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալը։
 


Սեդա Հերգնյան

Նույն շարքից