Միջազգային 

ՀՀԿ պատգամավորը չի հավատում ընդդիմադիր քաղաքական ուժերի` ԵՏՄ-ի շուրջ արտահայտած դիրքորոշումներին

analitik.am

Եթե չլինեին վերջին մեկ  տարվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական դեգերումները, ապա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը կարող էր վավերացվել ձայների շատ մեծ թվով:


Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ընդգծելով, որ Ազգային ժողովի վերջին քառօրյան ցույց տվեց որոշ խմբակցությունների ցանկությունը` բոյկոտելու իշխանության առաջարկները: «Քանի որ մենք ունենք «եռյակ», «քառյակ», «հնգյակ» տարբեր ձաչափի քննարկումներ, որոնք ուղղված են միայն իշխանություն վերցնելուն, այլ ոչ թե իշխանության հետ քայլեր քննարկելուն, ապա կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի քվերակությանը»,- ասաց նա:  


ԱԺ պատգամավորը, սակայն, չի հավատում այդ ընդդիմադիր քաղաքական ուժերի արտահայտած դիրքորոշումներին` նշելով, որ շատ անգամ է տեսել, թե ինչպես են նրանք վերջին պահին դիրքորոշում փոխում: «Այն ժամանակ մի բան էին ասում, հետո փոխվեցին նրանց տեսակետները, այնպես որ, հնարավոր է քվերակությունից առաջ` վերջին պահին ևս  տեսնենք նման իրավիճակ»,- ասաց Ավետիսյանը:


Պատգամավորը չշտապեց գնահատել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները կամ վնասները` ասելով, որ առնվազն մեկ տարի ժամանակ է հարկավոր արդյունքները տեսնելու և վերլուծելու համար: Սակայն նա համոզմունք հայտնեց, որ տնտեսական այս ուղղվածությունը դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա և տնտեսությանը նոր աշխուժություն կհաղորդի:  «Մենք այս պայմանագիրը կվավերացնենք շահեկան դիրքերում: Հայաստանի առջև որևէ կնճռոտ խնդիր չկա դրված, իսկ համաձայնագիրը, իր  համապատասխան փաստաթղթերով հանդերձ, ամբողջությամբ ուսումնասիրվել է»,- ասաց նա:

Նույն շարքից