Միջազգային 

Հայաստանը կստանա ԵՏՄ միասնական մաքսատուրքերի 1.13 տոկոսը, սակայն կվճարի անդամավճար

analitik.am

Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի 1.13 տոկոսը բաժին կհասնի Հայաստանին: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: «Սկսած այն պահից, երբ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների մաքսատուրքերի 1.13 տոկոսը կհաշվարկվի և կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այս դրույթը ամրագրված և հաստատված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրով»,- նշեց Կարայանը:


ՀՀ ֆինանսների փոխնախարարն անդրադարձավ նաև այն ֆինանսական պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: «Միակ պարտավորությունը, որ ստանձնում է Հայաստանը դա այն է, որ, սկսած 2016թ. հունվարից, Հայաստանը նույնպես պետք է Եվրասիական տնտեսական միության անդամակցության անդամավճար վճարի: Այդ անդամավճարը կազմելու է միասնական մաքսատուրքերից ստացված հոսքերի 1.13 տոկոսը»,- նշեց Կարայանը:


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:


Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:

Նույն շարքից