Միջազգային 

ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը չի վտանգում Վրաստանի և Իրանի հետ առևտրական հարաբերությունները. Շավարշ Քոչարյան

analitik.am

Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, պահպանելու է ազատ առևտրի ռեժիմը Վրաստանի հետ: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:«Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք ուշադրություն ենք դարձրել նրա վրա, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ մենք վտանգի տակ չդնենք հարևան Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Սա մեզ համար շատ կարևոր հարց էր, և մեզ հաջողվեց արդյունքի հասնել ու Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները»,-  նշեց Քոչարյանը:


Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը պահպանելու է իր առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները նաև հարևան Իրանի հետ: Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Վրաստանի և Իրանի հետ առևտրական բարձր մակարդակի հարաբերությունների պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ինչին հայկական կողմին հաջողվեց հասնել ԵՏՄ-ին անդամակցության բանակցությունների ժամանակ:


ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ բանակցությունների ողջ ընթացքում կառուցողական դիրքորոշում է եղել թե հայկական, թե Եվրասիական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել շատ արագ կազմակերպել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը:

Նույն շարքից