Միջազգային 

Մերձավոր Արևելքում ընթացող դրսևորումները կարող են անմիջականորեն սպառնալ Հայաստանին. քննարկում

analitik.am

Վերջին շրջանում կրոնական պատերազմները, որոնք ընթանում են Մերձավոր Արևելքում, անմիջական ազդեցություն են ունենում հայության վրա: Այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կողմից կազմակերպած «Ծայրահեղ իսլամի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ» խորագրով քննարկման ժամանակ ասաց նույն կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նա ընդգծեց, որ վերջին երկու տարիներին Սիրիայում հայկական համայնքը հսկայական վնաս կրեց, քանդվեցին մեր դպրոցները, եկեղեցիները, պայթեցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը վերջին հարյուր տարում մեր մշակույթի զարդերից մեկն էր Մերձավոր Արևելքում:

«Շատերը կմտածեն հազարավոր կիլոմետրերով հեռու Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները որևէ առնչություն չունեն մեզ հետ, բայց հայությունն այնտեղ ուղղակի արաբական աշխարհի մի մասն է և որքան տուժում են արաբները, այնքան տուժում են հայերը: Ավելին՝ մենք կարող ենք պնդել, որ այդ իրադարձությունների մի մասը ուղղորդվում և իրականացվում է Անկարայի կողմից, և Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը անմիջական կապ ունի Թուրքիայի հետ: Քեսաբի առաջին օրերի հայաթափումը և սահմանի բացումը նույնպես անմիջական կապ ունի Թուրքիայի հետ: Շատ ժամանակ չի անցել, երբ ծայրահեղ իսլամը կռվում էր նաև Հայաստանի և մեր բանակի դեմ՝ Արցախի ազատագրական պայքարում»,-ասաց Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ ատենապետն ընդգծեց, որ այս տարածաշրջանում հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը շատ շատերի «աչքի փուշն է»:

«Նման քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու՝ որոնք են այդ ծայրահեղ իսլամի վտանգները և ինչ պետք է անի Հայաստանը: Ես չգիտեմ՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համարժեք պատասխան տալիս է հայկական գործոնի դեմ այն հարվածներին, որոնք լինում են Մերձավոր Արևելքում, թե ոչ: Նման քննարկումներով ուզում ենք քաղաքական ու գիտական կարծիք հասցնել»,-ասաց նա:

Քննարկմանը ելույթ ունեցավ հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը և նշեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող թե՛ ամերիկյան, թե՛ գերմանական ու ֆրանսիական ԶԼՄ-ները անդրադարձել են «Իսլամական պետությանը» Թուրքիայի հովանավորչության հարցին:

«Washington Post-ը ինչքան Թուրքիայի անվան հետ առնչվող հոդված, քննարկում կամ զեկույց է հրապարակել, հստակ նշել է, որ Թուրքիան կարմիր գորգ է փռել ծայրահեղ իսլամական խմբավորումների առաջ, մասնավորապես՝ «Իսլամական պետության» համար: Թուրքիայի ստանձնած դերը պարզից էլ պարզ է բոլորի համար»,-ասաց նա:

Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ հայության համար վտանգը կմեծանա, եթե Ադրբեջանում Ալիևից հետո իշխանության գա ծայրահեղ իսլամին «կանաչ լույս» տվող որևէ մեկը:

«Պատկերացնում եք, թե ինչ կարող է լինել այդ ժամանակ: Երևի բոլորս զենքը վերցնենք ու գնանք կռվելու՝ ի պաշտպանություն Ալիևի: Այսինքն՝ այն սպառնալիքները, որ բխում են Իսլամական պետությունից, իրականում մեզ շատ մոտ կարող են լինել, քանի որ Կովկասը պետք է լինի իրենց երկրորդ ճակատը: Իսկ Հայաստանն այն միակ երկիրն է տարածաշրջանում, որ չի կարող տարրալուծվել, ինչը նշանակում է, որ մեր ժողովուրդը երկրորդ ցեղասպանության առաջ կարող է կանգնել»,-ասաց նա:

Նույն շարքից