Տնտեսություն 

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը շարունակում է ընդլայնվել

analitik.am

ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային www.e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով: Հաղորդում են  ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: E-payments համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու անհրաժեշտ վճարումներ կատարել, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, համայնքային վճարումները, վարչական տուգանքները:

 

Անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը այս համակարգի միջոցով կարող են կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները:

 
«Եթե բանկային համակարգի միջոցով վճարումներ կատարելու պարագայում դրանք 1-2 բանկային օրում են հաշվեգրվում պետական բյուջե, ապա www.e-payments.am–ը հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում ապահովել գումարների հաշվեգրումը գանձապետական հաշիվների վրա»,-նշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների առցանց համակարգին նախորդ ամիս միացել էր նաև Telcell-ը, որի միջոցով արդեն իսկ իրականացվել են թվով 3483 գործարքներ: Գործընթացը շարունակական է: e-payments պետական վճարումների առցանց համակարգին միանալու համար պայմանագիր է կնքվել «ԲՏԱԲանկ» ՓԲԸ-ի հետ:

Նույն շարքից