Միջազգային 

Ադրբեջանում սոցիալ-տնտեսական լարվածությունը գնալով աճում է

analitik.am

 Ձմռանը պատրաստ չլինելու պատճառով պետական կառույցների դեմ Ադրբեջանի բնակչության բողոքներն օրեցօր մեծանում են: Բաքվի որոշ շրջաններում ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ են սկսվել, իսկ ձմռան գալու հետ այդ խնդիրներն աճելու են: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը եւ ընդգծում, որ ավելի լուրջ խնդիր կան, որոնց հետ Ադրբեջանը բախվելու է այս ձնեռ:


Ըստ թերթի` 2014 թվականի բյուջեում ֆիքսված նավթի մեկ բարելի դիմաց 100 ԱՄՆ դոլար նշաձողից նավթի գների անկումը սկսել է բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի տնտեսության վրա: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին Լոնդոնի սակարանում «Ազերիլայթ» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվել է 81,79 դոլարով, այն դեպքում, երբ սեպտեմբերին այն կազմել էր 97, 98 դոլար:


Թերթը գրում է, որ թեեւ ադրբեջանական կառավարությունը բնակչությանը կոչ է անում չանհանգստանալ նավթի գների անկումով, ինչն անտրամաբանական է, միանգամայն հստակ է, որ այդ գործընթացի շարունակումը անհետեւանք չի լինելու Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության եւ տարեկան մուտքերի համար:


«Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով վերադարձող ադրբեջանցիները կարող են սոցիալական լարվածության աճի, զանգվածային ելույթների եւ քրեածին իրադրության վատացման պատճառ դառնալ: Ձմռանը կաճեն մսամթերքի գները, նավթը կշարունակի էժանանալ, եւ Ադրբեջանը կկանգնի ծանր խնդիրների առաջ», -զգուշացնում է թերթը:


Թերթին հասած տեղեկություններով` արդեն սկսվել է Ռուսաստանից ադրբեջանցիների վերադարձը հյուսիսային, արեւմտյան եւ հարավային շրջաններ: Ռուսաստանի դրամական փոխանցումները վերջին ամիսներին կտրուկ նվազել են: Պաշտոնական տվյալներով, խոսքը 1,8 մլրդ դոլարի մասին է, ոչ պաշտոնական տվյալներով այդ միջոցները երկու անգամ ավելի են:


«Ադրբեջանցիների վերադարձն, անկասկած, կվատացնի երկրում քրեածին իրադրությունը: Տեղեկություններ կան, որ շրջաններում տեղական գործադիր իշխանություններն ու իրավապահ մարմինները վատ են ընդունում վերադարձողներին: Խմբագրություն դիմած օրերս վերադարձած մի քաղաքացի հայտարարել է, որ իշխանություններն իրեն հրաժարվում են գրանցել, անգամ պահանջում են տեղեկանք բերել Ռուսաստանում դատված չլինելու մասին: Այդ փաստը ցույց է տալիս, որ սոցիալական լարվածությունը եւ քրեածին իրադրության վատացումը կանխելու համար գործադիր իշխանությունը վարչական մեթոդներ է օգտագործում», -գրում է թերթը:

Նույն շարքից