Միջազգային 

Հայ-թուրքական սահմանը փակ պահելու համար օգտագործվող ԼՂ հարցն իրականում սառեցված չէ. Թոմաս դե Վաալ

analitik.am

Փակ սահմանների քաղաքականության տնտեսական, քաղաքական, հասարակական ու տարածաշրջանային կողմերը քննարկելու համար «Հրանտ Դինք» հիմնադրամն Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի հետ համաժողով է կազմակերպել՝ «Զմռսված դարպաս. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը համաժողովի բացման խոսքում նշել է, թե իրենք «ցանկանում են վերացնել բոլոր սահմանները, որոնք մարդկանց բանտարկում են և հեռացնում խղճից»:

 

Համաժողովին մասնակցել է նաև Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը, ով խոսելով հայ-թուրքական սահմանը բացելու համար Ղարաբաղյան հարցի լուծման նախապայմանի մասին՝ ասել է. «Սահմանը փակ պահելու համար օգտագործվող Ղարաբաղյան հարցը սառեցված չէ իրականում: Դրա համար դեռ մարդիկ են իրենց կյանքը զոհում: Եթե խաղաղությունը չհաստատվի ու մի օր ճնշումն ավելանա, հետևանքներն ավերիչ կլինեն»:

 

Համաժողովի երկրորդ օրը քննարկվել են հայ-թուրքական սահմանի փակ լինելու տնտեսական հետևանքներն ու տնտեսական համագործակցության հնարավորութունները:

 

«Բաց սահմաններ, բաց շուկաներ» խորագրով քննարկման ընթացքում ներկայացվել են տնտեսական ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակը տուժում է փակ սահմանների պատճառով:

 

Իսկ լրագրող Ամբերին Զամանի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի գլխավորած նիստի ընթացքում, որը կրել է «Բաց սահմաններ, բաց գաղափարներ» խորագիրը, խոսվել է սահմանամերձ շրջանների մշակութային բազմազանութան, լեզվի, երաժշտության և այլ հարցերի մասին:

 

Համաժողովի մեկ այլ նիստ էլ կրել է «Սահմանները հաղթահարողները» խորագիրը: Այդ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա քաղաքացիական հասարակության երկխոսության և ազգային դիվանագիտության մասին:

Նույն շարքից