ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հարցաքննության մեթոդների ամբողջական զեկույցի հրապարակման խնդրանքով, հայտնում է un.org-ը։
Նշվում է, որ 4 տարի շարունակ ԱՄՆ Սենատի հատուկ հանձնաժողովն իրականացրել է ԿՀՎ-ի հարցաքննությունների կիրառվող մեթոդների ուսումնասիրություն, ներառյալ՝ միլիոնավոր փաստաթղթերի մանրակրկիտ դիտարկումներ, որից հետո Օբամային է հանձնվել դրա ամբողջական զեկույցը, որն առայժմ հանրությանը հասանելի չէ։
Օբամային ուղղված բաց նամակում ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ նախագահը պարտավոր է լուծել փակուղում հայտնված զեկույցի հրապարակման հարցը։
ՄԱԿ-ը նշել է, որ եթե զեկույցն ամբողջապես հրապարակվի, ապա այն էականորեն կօգնի մարդու իրավունքների համար համաշխարհային պայքարին և դրական կանդրադառնա ԱՄՆ-ի հեղինակության վրա։
Նամակում նշված է, որ եթե Օբաման աջակցի թափանցիկությանը և հրապարակի զեկույցը, ապա հանդես կգա հօգուտ արդարության և մարդու իրավունքների պաշտպանության։
Իսկ եթե նա չհրապարակի այդ զեկույցը, ապա ԱՄՆ-ում կշարունակվեն իրավախախտումները, իսկ ամբողջ աշխարհում կշարունակեն հարցաքննությունների ժամանակ կիրառել խոշտանգումների տարատեսակ մեթոդներ։