Բրիտանական The Guardian-ը փորձել է հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Արևմուտքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
BBC-ն կատարվողը գնահատել է որպես Արևմուտքի կողմից Պուտինի աքսորում՝ «դիվանագիտական Սիբիր»:
Հոդվածագիր Իեն Բիրելի դիտարկմամբ՝ Արևմուտքն իսկապես խիստ է վարվում Պուտինի հետ, սակայն դա ընդամենը քաղաքական ժեստեր են, Արևմուտքի սառնությունն ավելի շատ ցուցադրական է: Իսկ դրա պատճառն իրականում այն է, որ Արևմուտքն այս հարցում իրական ռազմավարություն չունի:
Մինչդեռ Կրեմլը գործում է իր սիրելի ռազմավարությամբ. քայլ առ քայլ Ուկրաինայի արևելյան շրջանները վերածվում են սառեցված հակամարտության գոտիների, ինչպես դա արվել է Աբխազիայում, Հարավային Օսիայում և Մերձդնեստրում:
Միևնույն ժամանակ, սակայն, աղբյուրի գնահատմամբ, Պուտինը զգալի վնաս է հասցրել իր իսկ երկրի շահերին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:
Անդրադարձում նշվում է, որ մինչ Արևմուտքի առաջնորդները ժեստեր են բանեցնում, Ուկրաինայում արդեն 4.300 մարդ է զոհվել: Օրական այդ երկրում հակամարտության գոտում 13 մարդ է մահանում:
Այս ֆոնին ակնհայտ է, որ հարկավոր է ավելի լուրջ որևէ բան ձեռնարկել, քան ընդամենը թույլ պատժամիջոցներ: Միևնույն ժամանակ նկատվում է, որ Ուկրաինայի խնդիրն աստիճանաբար հետին պլան է մղվում միջազգային քաղաքական օրակարգում, եզրափակում է հոդվածագիրը: