Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:
Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։
Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին շնորհակալություն է հայտնել սույն թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար:
Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:
Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրել է հաջորդ տարի այցելել Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ՝ տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեությանն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից: