Միջազգային 

Սիրիան հերքել է Ռակկայի բնակելի տարածքները ռմբակոծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

 Սիրիան մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներն այն մասին, որ սիրիական ուժերը Ռակկայում ռմբակոծել են խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքները: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբիի խոսքով` սիրիական բանակը երբեք չի հարձակվել և չի հարձակվի խաղաղ բնակիչների վրա: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը հիմնվում է ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվական աղբյուրների վրա, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ջաբհա ան Նուսրան» և այլն:


Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Սիրիայի` ԻՊ-ի զոհ դարձած քաղաքացիների հիշատակը, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնի Սիրիայի հասցեին, ով արդեն մի քանի տարի պայքարում է ահաբեկչության դեմ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ սիրիական բանակն օդային հարվածներ է հասցրել Ռակկայում, որոնց հետևանքով տասնյակ անմեղ քաղաքացիներ են զոհվել, ավերվել են բնակելի տարածքներ:

Նույն շարքից