Միջազգային 

Հռոմի պապը Թուրքիայում կոչ է արել հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել մարդկային կյանքի ու կրոնական ազատության հանդեպ

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մուսուլմանական երկիր կատարած հազվադեպ այցի առաջին օրը Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կոչ է արել կրոնական հանդուրժողականություն ցուցաբերել և երկխոսություն սկսել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում:

Ինչպես փոխանցում է CNN-ը` ելույթ ունենալով Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Ֆրանցիսկոս պապը բոլոր դավանանքների մարդկանց կոչ է արել հարգանք ցուցաբերել մարդկային կյանքի, արժանապատվության և կրոնական ազատության հանդեպ:

«Մոլեռանդությունն ու արմատականությունը, ինչպես նաև՝ անխոհեմ մտավախությունները, որոնք նպաստում են թյուրըմբռնմանը և խտրականությանը, պետք է հակադարձվեն բոլոր հավատացյալների աջակցությամբ և միասնությամբ», - ասել է պապը:

«Ահաբեկչական բռնությունը թուլացման որևէ հեռանկար ցույց չի տալիս Իրաքում և Սիրիայում, որտեղ շարունակվում են քրիստոնյաների և եզդի փոքրամասնության հալածանքները: Հարյուր-հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու երկիրը` ապրելու և իրենց կրոնական հավատքին հավատարիմն մնալու համար», - հավելել է Ֆրանցիսկոսը: 

Միաժամանակ Հռոմի պապն ընդգծել է, որ Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության և աշխարհագրական դիրքի պատճառով և կարող է օգնել միավորել տարբեր համայնքներ և ճանապարհ բացել խաղաղության համար:

Ֆրանցիսկոսը կհանդիպի նաև ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և կբանակցի Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:

Թուրքիա իր առաջին եռօրյա այցի շրջանակում Ֆրանցիսկոսը կհանդիպի նաև Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ: Այս այցը նպատակաուղղված է ո'չ միայն քույր եկեղեցիների միջև կապերն ամրացնելուն, այլև` կրոնական տարաձայնությունները հաղթահարելուն:

Նույն շարքից