Վերջին օրերին միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում Ադրբեջանի կողմից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն ցուցաբերվելու մասին:
Մասնավորապես, umma.ua կայքը հայտնել է, որ մինչ այժմ Ադրբեջանից 5 մլն դոլար է փոխանցվել այդ արմատական խմբավորմանը, որը հիմնականում հավաքվել է մեծ առեւտրային կենտրոններից, սու պերմարկետներից և այլ օբյեկտներից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԻԼԻՊ-ի համար Ադրբեջանում ֆինանսական միջոցներ հավաքելու մասին նոր տեղեկություն է հայտնել publika.az կայքը:
Մասնավոր աղբյուրից կայքի ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի հյուսիսային շրջաններում իսլամի սալաֆի արմատական թևի խավարիջի ներկայացուցիչները ԻԼԻՊ-ին օգնության ոչ պաշտոնական «Ջիհադի հիմնադրամ» են ստեղծել, որին ամեն ամիս փող են փոխանցում:
Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվի ոստիկանությունը հետեւում է մի քանի մեծ օբյեկտների, որոնք կասկածվում են ԻԼԻՊ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ:
Կայքը նշում է, որ իր կողմից ձեռք բերված տեղեկատվության իսկությունը բացատրվում է նաև այն բանով, որ Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն ժամանակ առաջ հայտարարել էր, որ «անմիջապես կվերացնեն, եթե հայտանաբերեն ադրբեջանցի երիտասարդներին Սիրիա մեկնելու և ԻԼԻՊ-ին կամ տարբեր ահաբեկչական կառույցներին միանալու համար հավաքվող ֆինանսական աղբյուր»:
Կայքը համոզմունք է հայտնում, որ նման աղբյուրներից անտեղյակ կոմիտեի նա խագահն այդ կարգի հայտարարությամբ հանդես չէր գա:
«Ես եղել եմ նման օբյեկտներում: Տեղեկություններ կան, որ նրանք իրենց եկամուտների հաշվին արմատական կենտրոններ են ստեղծում և նոր անդամներ ներգրավում: Դրանով արդեն զբաղվում են պատկան մարմինները: Պետք է հայտնաբերել և վերացնել այդ ծայրահեղական միտումները:
Մենք թույլ չենք տա, որոշ մարդիկ տարբեր միջոցներով Ադրբեջանում ֆինանսական միջոցներ հավաքեն և ուղարկեն ահաբեկչական խմբերին: Եթե պարզվի, որ այդ միջոցները նրանք ուղարկում են ահաբեկիչներին, ապա այդ աղբյուրն անմիջապես կվերացվի», -ասել էր նա:
Մյուս կողմից, արմատական խավարիջիների կողմից գումարներ հավաքագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև կրոնաբան փորձագետ Այդըն Ալիզադեն: Նա նշել էր, որ հավաքված ընդհանուր տարեկան գումարը կազմում է մոտ 5 մլն դոլար:
Նրա խոսքով` դա հավաքագրվում է եւ արտասահմանից արվող փոխանցումների, և բիզնես կառույցների, ինչպես նաև այդ արմատական խմբավորման անդամների նվիրատվությունների հաշվին, որն ի վերջո ուղղվում է ահաբեկչական խմբավորումների գործունեությանը: