Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը ներկայացնում է «Լայն ճակատ» ձախ կոալիցիան: Այդ մասին վկայում են պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են հարավամերիկյան այդ հանրապետության Ընտրական դատարանի (ընտրական հանձնաժողովի) կողմից:
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 30-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների 93,7 տոկոսի հաշվումից հետո Վասկեսն ստանում է ընտրողների ձայների 53,2 տոկոսը: Նրա մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Լուիս Լակալիե Պոուն, հավաքում է ձայների 41,5 տոկոսը:
Ուրուգվայի նախկին նախագահ Վասկեսն իշխանության է վերադառնում հնգամյա ընդմիջումից հետո:
Կողմնակիցների առջեւ իր ելույթում Վասկեսը խոստացել է «դառնալ բոլոր ուրուգվայցիների նախագահը, անկախ այն բանից՝ ում օգտին են տվել նրանք իրենց ձայները»: Նա շներհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին աջակցության համար եւ ընդգծել, որ իրեն կպահանջվի բոլորի եւ յուրաքանչյուրի օգնությունը:
Իր հերթին աջ Ազգային կուսակցությունից Ուրուգվայի նախագահի թեկնածու Լակալիե Պոուն ընդունել է իր պարտությունը ընտրությունների երկրորդ փուլում եւ մրցակցին շնորհավորել հաղթանակի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: