Միջազգային 

Չեռնոգորիայի, Անդորրայի, Սան Մարինոյի, Վատիկանի և Մոնակոյի քաղաքացիների մուտքը ՀՀ կլինի առանց վիզայի

analitik.am

Հայաստանը Չեռնոգորիայի, Անդորրայի, Սան Մարինոյի, Վատիկանի և Մոնակոյի քաղաքացիների համար կսահմանի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այդ նպատակով ՀՀ Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կիրականացնի փոփոխություն և լրացում: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

 

«ՀՀ Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագծում ներառվող պետություններն այս կամ այն ձևով ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարում են դյուրացված վիզային քաղաքականություն:

Այսպես, Չեռնոգորիան յուրաքանչյուր տարվա մայիսից դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին միակողմանիորեն ազատում է մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Ինչպես Վատիկանը և Սան Մարինոն, այնպես էլ Մոնակոն չեն իրականացնում սեփական վիզային քաղաքականություն, այլ ղեկավարվում են համապատասխանաբար Իտալիայի և Ֆրանսիայի վիզային քաղաքականությամբ: Այսպիսով, վերջիններիս տարածքը դե-ֆակտո մտնում է Շենգենյան գոտու մեջ: Ինչ վերաբերում է Անդորրային, ապա թեև վերջինիս տարածք մուտք գործելը համարվում է ելք Շենգենյան գ ոտուց, այնուամենայնիվ այն, ըստ էության, կցված է Շենգենյան գոտուն և Անդորրա մուտքը հնարավոր է միայն Շենգենյան մուտքի արտոնագրի առկայության դեպքում:

 

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ վարվող դյուրացված վիզային քաղաքականությունը, ինչպես նաև վերջիններիս` Շենգենյան համաձայնագրի դրույթների փաստացի կիրառող հանդիսանալու հանգամանքը` նպատակահարմար է դրանց քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նույն շարքից