Միջազգային 

Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Աննա Էշուի հետ

analitik.am

 ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին և Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:


Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները: Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին եւ Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների եւ անաչառ գնահատականների համար:


Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները եւ նշել ներկայիս մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը:

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:

Նույն շարքից