Միջազգային 

Ոչ ոք չի կարող ասել, որ այս որոշումը մեկ գիշերվա մեջ է կայացվել. Վահրամ Բաղդասարյան

analitik.am

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նպաստավոր պայմաններ է կստեղծի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեցԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս միությանն անդամակցելու դեպքում հայկական ապրանքները միության անդամ երկրներ արտահանելու համար վերանում են բոլոր տեսակի մաքսային ձևակերպումները, կվերանան նաև ներմուծման համար մաքսային ձևակերպումները, ինչը կկրճատի գործարարների ֆինանսական ծախսերը: Միայն Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ժամանակ կկատարվի դրոշմապիտակավորում, կվերանան տեխնիկական խոչընդոտները»,- նշեց Բաղդասարյանը:


Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր որոշ պատգամավորների անհանգստությանը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր ընդդիմադիր որոշ պատգտամավորներ այդքան անհանգստացած, երբ նույնիսկ Արևմուտքի մեր գործընկերներն այս ամենին շատ հանգիստ են վերաբերվում: Խնդրում եմ, հանգստացեք: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչու որոշ պատգամավորներ պետք է դեմ քվեարկեն, բայց այդքան մի տանջվեք»,- նշեց նա:


Անդրադառնալով դիտարկումներին, թե ՀՀ նախագահը ՄՄ-ին անդամակցելու որոշումը կայացրել է մեկ գիշերվա մեջ՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ նման կարևոր որոշումները չեն կարող մեկ գիշերվա մեջ կայացվել: «Ոչ ոք չի կարող ասել, որ այս որոշումը մեկ գիշերվա մեջ է կայացվել: Մեր անկախության պահից սկսած՝ մեր ռազմավարական գործընկերը եղել է Ռուսաստանը, և այդ ժամանակ էլ մեզ համար պարզ էր, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- նշեց Բաղդասարյանը:


Անդրադառնալով որոշ պատգամավորների մտահոգություններին, թե Հայաստանը ԵՏՄ-ում կորցնելու է պետականությունը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի պետականությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, և որևէ մեկն այն կորցնելու ցանկություն չունի: «Մի անհանգստացեք, մենք այս քայլին գնում ենք մեր պետականությունն ավելի ամրապնդելու համար»,- նշեց նա:

Նույն շարքից