Վերջին տարիներին Չինաստանն ու Ռուսաստանը հստակ հասկացրեցին,որ դժգոհ են ԱՄՆ-ին համաշխարհային պահուստային արժույթի մասով տրված առավելությունից, քանզի ԱՄՆ-ն չարաշահում է այն`հասցնելով իր ռազմական ներկայությունն աշխարհում ահռելի չափերի:
ԱՄՆ-ն նաև հնարավորություն ստացավ տպել, թվում է, թե անսահմանափակ քանակությամբ թղթադրամներ, ինչով էլ փորձում է պահպանել ինֆլյացիոն փուչիկներն այն ժամանակ, երբ տառապում էին խոշոր բանկերը և սովորական մարդիկ:
Ի դժբախտություն ԱՄՆ-ի` այս առավելությունը միայն թշնամանք առաջացրեց ԱՄՆ-ի նկատմամբ, ինչի արդյունքում վերջինիս քաղաքացիներն այսօր աշխարհի որոշ հատվածներ այցելելիս չեն կարող իրենց անվտանգ զգալ:
ԱՄՆ իշխանության այս չարաշահմանը կարծես թե որևէ ուշադրություն չեն դարձնում Արևմուտքի լիդերները՝ թույլ տալով ԱՄՆ-ին շարունակել կրել թղթադրամների արքայի թագը:
Սակայն, հնարավոր է, որ վարագույրների այն կողմում համաշխարհային լիդերներն այդքան էլ երջանիկ չեն:
Hinde Capital անգլիական ներդրումային հիմնադրամի ղեկավար և համահիմնադիր Բեն Դեվիսն իր հարցազրույցներից մեկում պատմել է իր և Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի միջև եղած խոսակցության մասին: Բենը Պապանդրեուին մի քանի ուղիղ հարց է տվել ոսկու, Փոխառության հատուկ իրավունքների և նոր համաշխարհային պահուստային արժույթի վերաբերյալ:
Բեն Դեվիսը պատմում է.
«Իրականում ես հարցրեցի նրան. «Դուք գիտե՞ք Գերմանական ֆեդերալ բանկի նախկին փոխանախագահ և Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհրդի նախկին անդամ Յուրգեն Շտարկի մեկնաբանությունների մասին, որտեղ նա ասել է, որ ողջ ֆինանսական համակարգը «ամբողջապես հորինվածք» է և այն դատապարտված է փլուզման անսահմանափակ թվով տպված փողերի պատճառով»: Հետո ես հարցրեցի. «Երբ Դուք ղեկավարում էին Հունաստանի քաղաքական համակարգը, կառավարության ղեկավարների մակարդակով քննարկվո՞ւմ էին արժութային կարգի փոփոխությունները»:
Նա (Պապանդրեու) այս հարցերը շատ ուշադիր լսեց և պատասխանեց. «Այո, տնտեսական միջոցների և բարեփոխումների հետ զուգահեռ քննարկվում էր նաև արժութային կարգի փոփոխման հարցը»: Ես հարցրեցի. «Ոսկու ստանդարտը նույնպե՞ս քննարկվում էր»: Նրա պատասխանն էր. «Քննարկումները վերաբերում էին արժույթների հավաքագրմանը, որտեղ կարող էր ներառվել այդպիսի ակտիվ (ոսկի)»: Ես հարցրեցի. «Դուք ի նկատի ունեք Փոխառության հատուկ իրավունքնե՞րը»: Եվ նա պատասխանեց. «Այո, գրեթե նույն բանն է»: Նա ոչինչ չփորձեց թաքցնել:
Նա շատ բաց էր խոսում, և բավականին հետաքրքիր խոսակցություն էր, նման դեպքեր շատ չեն լինում»:
Բեն Դեվիսը վստահելի աղբյուր է, ուստի կարելի է հավատալ նրա խոսքերին այն մասով, որ համաշխարհային լիդերները մտածում են նոր պահուստային արժույթի ստեղծման մասին, որը կփոխարինի ԱՄՆ դոլարին:
Կլինի՞ այդ նոր արժույթը հանրահայտ «միասնական համաշխարհային արժույթը», որի մասին նախկինում բավականին մասնագետներ խոսում էին, թե ոչ, դեռ հայտնի չէ:
Հնարավոր է, որ այս թեման էլ մի օր բացվի, և իրականությունը ջրի երես դուրս գա, ինչպես դա եղավ ոսկու հետ կապված մեքենայությունների ապացուցված պայմանավորվածության դեպքում: