Միջազգային 

«Եվրանյուզին» միանալու իրենց ցանկությունը քաղաքական դիրքորոշո՞ւմ էր. Վ. Բաղդասարյան

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սրբագրեց իր կուսակից Մհեր Սեդրակյանի հայտարարությունը, թե հայերը սովոր են ուրիշի լծի տակ ապրել և ավելի լավ է ապրել «ռսի լծի տակ»։

«Ինձ թվում է՝ Մհեր Սեդրակյանն ասել է, որ մենք աստիճանաբար լծերից ազատվում ենք, այսինքն՝ եղել են ժամանակաշրջաններ, որ այլ տիրապետությունների տակ ենք եղել, հիմա, փառք Աստծո, ունենք պետականություն և չենք պատրաստվում այլ երկրի լծի տակ լինել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ղեկավարը։

Հարցին, թե ՀՀԿ-ն չի ամաչում իր խմբակցության որոշ պատգամավորներից, չգիտեն հօգուտ ինչի են քվեարկում, ինչպես օրինակ՝ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը նույնիսկ ԵՏՄ-ի փոխարեն նշել էր, թե « Եվրանյուզին» ենք անդամակցելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ «Դուք չե՞ք ամաչում Ձեր տված հարցի համար»։

«Այո՛, ՀՀԿ-ի դեմքը միշտ երևում է, և մենք հպարտանում ենք այդ դեմքի համար, որովհետև մենք տանում ենք կառուցողական քաղաքականություն: Նրանք ասել են՝ էական չի, թե մենք ուր ենք գնում՝ դա կլինի ԵՄ, թե ԵՏՄ, մեզ համար կարևորն այն է, որ մենք պահպանենք մեր անկախությունը: Կան մարդիկ, որ ունեն հստակ դիրքորոշում, իսկ ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ում մարդիկ չեն կարող առանձին մտածելակերպ ունենալ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝  փաստորեն «Եվրանյուզին» միանալու իրենց ցանկությունը քաղաքական դիրքորոշո՞ւմ էր, Բաղդասարյանն արձագանքեց, թե կցանկանար, որ բառախաղերի չդիմեինք։

 

Նույն շարքից