Միջազգային 

Ռումինիայի ԱԳՆ-ն չի հանդուրժի Հայաստանում իր դեսպանի անլուրջ վարքագիծը

analitik.am

Ռումինական լրատվամիջոցները հաստատում են տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար: Դեսպանին հետ կանչելու պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել: 


Չնայած դեսպանն Ռումինիայի արտաքին գերատեսչության պահանջով` ուշացումով հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել` դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:


Ինչպես հաղորդում է ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը, Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար:


Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ հրահանգել է դեսպանին հրապարակային ներողություն խնդրել և ընդգծել է, որ խստորեն դատապարտում է «ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որը կնպաստի անհանդուրժողականության ու կարծրատիպերի տարածմանը»: 


«Արտաքին գործերի նախարարությունը չի հադուրժում և չի հանդուրժելու ռումինական դիվանագիտության ներկայացուցչի` անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, վարքագծի և հռետորաբանության որևէ շեղում, որը կարող է հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների, Ռումինիայի և այլ երկրների միջև երկկողմ հարաբերությունների արժեքների, կանոնների և հիմնարար սկզբունքների ոտնահարմանը կամ` որը խեղաթյուրում է ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ»,- ԱԳ նախարարության հայտարարությունը մեջբերում է ռումինական Adevarul պարբերականը:



Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի եւ մոնիթորինգի կենտրոնը կոչով
դիմել է Ռումինիայի Նախագահին` շտապ կարգով միջոցառումներ ձեռնարկել
Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեի «հակասեմական եւ հոմոֆոբ»
որակված հայտարարությունների վերաբերյալ:

Նույն շարքից