Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի մի շարք նախարարություններ շարունակում են ուսումնասիրել վրաց նախկին պաշտոնյաների կենսագրությունը և լրջորեն մտածում են, թե ինչ նրանց առաջարկել։ Այս մասին Սաակաշվիլին ասել է «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ դա զուտ ուկրաինական որոշում է, «ես նման բան չէի էլ կարող մտածել»։
Նա ասել է, որ փորձում է ամեն կերպ խրախուսել բոլոր նրանց, ում ուկրաինական իշխանություններն աշխատանք են առաջարկել Ուկրաինայում։
«Սակայն նրանք պետք է հավատարիմ լինեն ուկրաինական պետությանը, քանի որ փոխելով քաղաքացիությունը (Ուկրաինայում պաշտոն զբաղեցնելու համար պետք է լինել երկրի քաղաքացի- Tert.am)՝ նրանք պարտավորություն են ստանձնում»,- ասել է նա։